Ֆ Լ Ո Ր Ա Ն

      Դաշտային հետազոտությունների արդյունքում, ինչպես նաև գրական և հերբարիումային տվյալների համաձայն պարզվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1200 տեսակ, որից 977 տեսակը աճում է պարկի տարածքում: Դրանցից 51-ը ծառատեսակներ են, 47-ը` թփեր, 696-ը` բազմամյա խոտաբույսեր, 176-ը միամյա և երկամյա բույսեր, 7-ը մակաբույծներ (բուսատեսակների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին): Նշված տեսակներից 5-ը հանդիսանում են Հայաստանի էնդեմիկներ: Պարկի պահպանական գոտում հանդիպում են անոթավոր բույսերի 958 տեսակներ (դրանցից 225-ը չեն հանդիպում ազգային պարկի տարածքում): Բացի այդ, պահպանական գոտում (Աղստև գետի ձորի լանջերի բաց տեղանքներում) աճում է ևս մեկ էնդեմիկ տեսակ` Պսեֆելուս Փամբակի (Psephellus pambakensis), որը բավականին լայն տարածում ունի Լոռիում և Իջևանում: Ազգային պարկի ֆլորայի 27 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում (պահպանական գոտում դրանք 22-ն են): Ազգային պարկի ֆլորայի 54 տեսակներ հանդես են գալիս որպես դեղաբույսեր: Դրանց մի մասը չեն կազմում խիտ պոպուլյացիաներ, այլ ցրված հանդիպում են ազգային պարկի տարածքում և այդ պատճառով ներկայումս տնտեսական հետաքրքրություն չեն ներկայացնում, իսկ 41 տեսակներ ուտելի են: Բացի այդ, «Դիլիջան» ազգային պարկի տարածքից և դրա պահպանական գոտուց հայտնաբերվել են 480 տեսակի և ենթատեսակի սնկեր, որոնցից 320-ը պատկանում են ագարիկալ սնկերին, 124-ը` աֆիլոֆորայիններին և 36-ը` գաստերոմիցետներին: Առավել տարածված են դառնամատիտեղ (Russula), կաթնասունկ (Lactarius), սարդոստայնասունկ (Cortinarius), թելիկասունկ (Inocybe), ճանճասպան (Amanita) ցեղերի միկորիզագոյացնող տեսակները, ինչպես նաև բնափայտ քայքայող ականջասունկ սովորական (Pleurotus ostreatus), կոճղասունկ իսկական (Armillaria mellea) տեսակները և Աբեթասնկեր (Polyporaceae) ընտանիքի ներկայացուցիչները: Նշված սնկերից 176-ը ուտելի են, որոնցից առավել տարածված է և վաճառվում է շուկաներում միայն ականջասունկ սովորական կամ կախասունկ (Pleurotus ostreatus) տեսակը: 38 տեսակի սնկեր թունավոր են և տեղացի բնակիչները դրանց կոչում են գարշասնկեր (պոգանկա), խուսափում են հավաքելուց և վերջին տարիներին թունավորման դեպքեր չեն գրանցվել:

         Բ Ո Ւ Ս Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը

      Ազգային պարկի բուսականության գերիշխող տիպը անտառայինն է: Այստեղ գերակշռում են սաղարթավոր տերևաթափ տեսակները` արևելյան հաճարենին (Fagus orientalis), վրացական կաղնին (Quercus iberica), խոշորառէջ կաղնին (Q. macranthera), կովկասյան բոխին (Carpinus caucasica), ղաժին կամ արևելյան բոխին (C. orientalis): Սրանց ուղեկցում են դաշտային (Acer campester), սրատերև (A. platanoides) և բարձրլեռնային (A. trautvetteri) թխկիները, լորենին (Tilia caucasica), հացենին (Fraxinus excelsior), արոսենին (Sorbus aucuparia, S. graeca և այլն): Հանդիպում են նաև վայրի պտղատուներ` կովկասյան տանձենին (Pyrus caucasica), արևելյան խնձորենին (Malus orientalis), սալորենին (Prunus divaricata), մամխենին (P. spinosa), ընկուզենին (Juglans regia), սովորական տխլենին (Corylus avellana), հոնին (Cornus mas), սզնու տարբեր տեսակներ (Crataegus), զկեռենի (Mespilus germanica), թխենի (Padus) և այլն: Հարուստ է նաև հատապտղատուների բազմազանությունը` հաղարջենի (Ribes), մոշենի (Rubus caesius), մորի (R. idaeus), կոկռոշենի (Grossularia) և այլն: Անտառի վերին սահմանը եզրափակում են կեչու կորաբուն մերձալպյան նոսրանտառային մնացորդները` ելունդավոր և թավոտ կեչիների (Betula pendula, B. pubescens), կաղամախու (Populus tremula), այծուռենու (Salix caprea) գերակշռությամբ: Հիմնական անտառկազմող ծառատեսակների գերակշռությամբ ծառուտները ներկայացվում են կամ միատարր կաղնուտների, հաճարկուտների և բոխուտների ձևով, կամ էլ խառը` դրանց տարբեր խմբավորումների տարբերակներով: Անտառային էկոհամակարգերը ըստ ուղղաձիգ բարձունքային գոտիականության և դիրքադրության ունեն հետևյալ տարածվածությունը: Միջին անտառային գոտու հարավահայաց լեռնալանջերին տարածվում են վրացական կաղնու, իսկ հանդիպակաց հյուսիսհայաց լանջերին` արևելյան հաճարենու անտառային զանգվածները: Դրանից վեր, սկսած 1500 մ բարձրությունից, անտառային գոտին ներկայացնում է խոշորառէջ կաղնին: Բոխին հանդիպում է գրեթե բոլոր տիպի ծառուտներում: Ընդ որում արևելյան բոխին (ղաժին), որպես կանոն, հանդիպում է ստորին անտառային գոտու (մինչև 1500 մ) ենթանտառում, իսկ կովկասյան բոխին մինչև 2000 մ: «Դիլիջան» ազգային պարկի անտառային էկոհամակարգերին բնորոշ է ասեղնատերև ծառատեսակների առկայությունը: Սոճին (Pinus sosnovskyi) որոշ տեղերում առաջացնում է խիտ ծառուտներ, հանդիպում է Արեգունի և Փամբակի լեռնաշղթաների լանջերին, մասնավորապես` Դիլիջան լեռնանցքի ոլորանի շրջանում: Հանդիպում է նաև Դիլիջան քաղաքի և մերձակա լանջերին: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիհու նոսրանտառները, որոնք տարածված են Գետիկի հովտում, ինչպես նաև Իջևանի լեռնաշղթայի հյուսիսային հովտահայաց չոր լանջերին: Լավ պահպանված գիհուտներ կան հատկապես Աբեղաքար սարի, Աղստև գետին հովտահայաց, ժայռոտ լանջերին: Գիհու նոսրանտառները ներկայացնում են բազմապտուղ (Juniperus polycarpos) և սրաթեփուկ կամ գարշահոտ (J. foetidissima) գիհիները: Պարկի տարածքում աճում են նաև գիհու թփային տեսակները` երկարատերև (J. oblonga) և ցածրաճ (J. depressa):  Բուսականության այլ տիպերը ներկայացված են փոքր կղզյակներով` անտառային բացատներում կամ անտառի վերին սահմանից վեր: Ազգային պարկի ստորին հատվածում (մինչև 1100 մ բարձրության վրա) փոքր տարածքներով հանդիպում են շիբլյակ կոչված թփուտները, ուր գերիշխում են ցաքի փշոտ (Paliurus spina-christi) և չորասեր թփերի մի քանի այլ տեսակներ` ծորենի սովորական (Berberis vulgaris), չմենի ամբողջաեզր (Cotoneaster integerrimus), մասրենի շան (Rosa canina), փռշնի կովկասյան (Celtis caucasica), դժնիկ Պալլասի (Rhamnus pallasii) և այլն: Այս համակեցություններում խոտային ծածկույթը շատ բազմազան է և ներկայացված է հիմնականորեն չորասեր խոտաբույսերով: Այստեղ հանդիպում են նաև տափաստանային բուսականության փոքր կղզյակներ բոտրիոխլոայի (Bothriochloa ischaemum) գերակայմամբ, որոնք հիմնականում երկրորդային ծագում ունեն: Անտառազուրկ ոչ մեծ տարածքներում հանդիպում են այս շրջանի համար ոչ բնորոշ շյուղախոտ վալեսյանի (Festuca valesiaca) գերակշռությամբ տափաստանային խմբավորումները, որոնց կազմում բավականին շատ են մարգագետնային բուսատեսակները: 1800-1900 մ-ից բարձր տարածված են մերձալպյան մարգագետինները, ուր գերիշխում են խառը տարախոտ-հացազգային համակեցությունները: Հիմնական գերակշռող տեսակներն են բարակոտնուկ սանրանմանը (Koeleria cristata), դաշտավլուկ մարգագետնայինը (Poa pratensis), դաշտավլուկ կաղնուտայինը (Poa nemoralis), ոզնախոտ կծկավոր (Dactylis glomerata), խմրախոտ բուրավետը (Anthoxanthum odoratum), ոսկեվարսակ սիբիրյանը (Trisetum sibiricum) և այլն: Այստեղ տարածված են համակեցություններ, ուր գերակայում են վարդակակաչ փնջաձևը (Anemone fasciculata), ձկին գորտնուկանմանը (Trollius ranunculinus) և կեղծ ղանձլամեր սպիտակը (Veratrum album), ընդ որում վերջինի տարածումը ուղղակիորեն կապված է արածեցման ինտենսիվության հետ: Մերձալպյան գոտու որոշ հատվածներում տարածված են մերձալպյան բարձրախոտերի համակեցությունները, որտեղ ներկայացված են շուշան հայկականը (Lilium armenum), ընձախոտ արևելյանը (Aconitum orientale), զիվան հսկայական (Cephalaria gigantea), ոզնախոտ կծկավորը (Dactylis glomerata), զանգակ խմբվածը (Campanula glomerata), թթվիճ խոշորածաղիկը (Betonica macrantha) և այլն: «Դիլիջան» ազգային պարկի տարածքի ձորերի ժայռոտ հատվածներում ներկայացված է ինտրազոնալ ժայռային բուսականությունը, որի կազմում հատուկ հետաքրքրություն են ներկայացնում պտերների մի քանի տեսակներ բանպոտ Բռաունի (Polystichum braunii), բասբայջ սովորական (Polypodium vulgare), ասպլենի (Asplenium) որոշ տեսակներ: Ազգային պարկի տարածքում գտնվող լճերի և գետերի ափերին ներկայացված է ջրաճահճային բուսականությունը, որի կազմում են հիմնականում Հայաստանի համար սովորական տեսակներ` ուռենի (Salix), բարդի (Populus), բոշխ (Carex), գորտնուկ (Ranunculus), կնյուն (Juncus) ցեղերի ներկայացուցիչներ:

 

            Ա Ն Ո Ղ Ն Ա Շ Ա Ր Ա Վ Ո Ր Ն Ե Ր

     Փ Ա Փ Կ Ա Մ Ա Ր Մ Ի Ն Ն Ե Ր   Ե Վ    Հ Ո Դ Վ Ա Ծ Ո Տ Ա Ն Ի Ն Ե Ր

      Հայաստանի անողնաշարավորներին վերաբերող աշխատանքների վերլուծությունը ցույց տվեց, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հանդիպում են Փափկամարմինների (Mollusca) 69 և Հոդվածոտանիների (Arthropoda) 1431 տեսակներ (անողնաշարավոր կենդանիների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին): Վերջիններս պատկանում են Միջատների (Insecta) դասին: Նշված տեսակներից 6-ը Հայաստանի էնդեմիկներ են: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում ընդգրկված են 3 տեսակներ, որոնք հանդիպում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Դրանք են Parnassius apollo L., Cerambyx cerdo acuminatus Motsch., Rosalia alpina L. և Proserpinus proserpina Pal.I:

        Խ Ե Ց Գ Ե Տ Ի Ն Ն Ե Ր

       «Դիլիջան» ազգային պարկի տարածքում քիչ քանակությամբ հանդիպում է երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactilus), այն էլ միայն Պարզ և Գոշ լճերում: Պարկի տարածքով հոսող գետերում այն չի հայտնաբերվել:

      Ո Ղ Ն Ա Շ Ա Ր Ա Վ Ո Ր Ն Ե Ր

      Ձ Կ Ն Ե Ր

     Հետազոտությունների ընթացքում «Դիլիջան» ազգային պարկի տարածքով հոսող գետերում, մասնավորապես` Աղստև գետում բացահայտվել են 9 ձկնատեսակներ: Դրանք են` քուռի կողակը (Capoeta capoeta), քուռի բեղլուն (Barbus lacerta cyri), կովկասյան թեփուղը (Leuciscus cephalus), հայկական տառեխիկը (Alburnoides bipunctatus), որը էնդեմիկ ձկնատեսակ է, հանդիպում է Աղստև գետի ողջ երկայնքով և դրա վտակների վերին հոսանքներում. սպիտակաձուկը (Alburnus filippi), լերկաձուկը (Barbatula barbatula caucasica), կարմրախայտը (Salmo trutta fario), քուռի քառթակը (Gobio persus) և արծաթափայլ լճածածանը (Carassius auratus):

     Ե Ր Կ Կ Ե Ն Ց Ա Ղ Ն Ե Ր

    «Դիլիջան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում բացահայտվել են երկկենցաղների 5 տեսակներ: Դրանք ներկայացված են կարգաբանական երկու դասերով` Ցատկողներ (Salientia), գորտերն ու դոդոշներն են — 4 տեսակ և Տրիտոններ (Cuadata) — 1 տեսակ:  Հարկ է նշել, որ 2000 թվականին Պարզ լիճ է բաց թողնվել 30 երիտասարդ տրիտոններ, որոնք աճեցվել էին լաբորատոր պայմաններում: Այս տեսակը հազվագյուտ է Հայաստանի համար և առաջին անգամ գրանցվել է 1997 թվականին Լոռվա մարզի Շամլուղ գյուղի ջրային ավազաններում: Նշված երկկենցաղներից ոչ մեկը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված չէ:

        Ս Ո Ղ Ո Ւ Ն Ն Ե Ր

        «Դիլիջան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում բացահայտվել են սողունների 19 տեսակներ (սողունների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին), որոնք բաժանվում են հետևյալ կարգաբանական խմբերի.

  • Մողեսներ (Lacertilia) — 12 տեսակ.
  •  Օձեր (Serpentes) — 6 տեսակ.
  • Կրիաներ (Testudines) — 1:

Նշված սողուններից ոչ մեկը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված չէ:

     Թ Ռ Չ Ո Ւ Ն Ն Ե Ր 

    «Դիլիջան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում գրանցվել են թռչունների 147 տեսակներ (թռչունների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին), որոնք բաժանվում են հետևյալ կարգաբանական դասերի.

  • Սուզակներ (Podicipediformes) — 1 տեսակ.
  • Գիշատիչներ (Accipitriformes) — 26 տեսակներ.
  •  Բադեր (Anseriformes) — 1 տեսակ.
  •  Տառեղներ, արագիլներ (Ciconiiformes) — 2 տեսակ.
  •  Լոր և մոխրագույն կաքավ (Galliformes) — 4 տեսակ.
  • Կռունկ (Gruiformes) — 1 տեսակ.
  • Որորներ (Charadriiformes) — 2 տեսակ.
  • Աղավնիներ (Columbiformes) — 4 տեսակ.
  •  Կկուներ (Cuculiformes) — 1 տեսակ.
  •  Բու (Strigiformes) — 4 տեսակ.
  • Այծկիթ (Caprimulgiformes) — 1 տեսակ.
  •  Սև մանգաղաթև (Apodiformes) — 5 տեսակ.
  •  Մեղվակեր ներկարար և Հոպոպ (Coraciiformes) — 4 տեսակ.
  • Ճնճղուկներ և երգող թռչուններ (Passeriformes) — 85 տեսակ:

Նշված թռչունների 16 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում

           Կ Ա Թ Ն Ա Ս Ո Ւ Ն Ն Ե Ր

      «Դիլիջան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են կաթնասունների 49 տեսակներ (կաթնասունների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին): Դրանք բաժանված են հետևյալ 6 կարգաբանական դասերի.

  •   Միջատակերներ (Insectivora) — 9 տեսակ.
  •  Կրծողներ (Rodenti) — 17 տեսակ.
  • Նապաստակակերպեր (Logomorpha) — 1 տեսակ.
  • Ձեռքաթևավորներ (Chiroptera) — 7 տեսակ.
  •  Գիշատիչներ (Carnivora) — 12 տեսակ.
  • Կճղակավորներ (Artiodactyla) — 3 տեսակ:

Նշված կաթնասուններից Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են 7-ը` երկարականջ (ականջեղ) ոզնի, Եվրոպական լայնականջ ծալքաշուրթը, հնդկական վայրենակերպը կամ մացառախոզը, խայտաքիսը, ջրսամույրը, գորշ արջը և վայրի կատուն: