Կ Լ Ի Մ Ա Ն

   «Դիլիջան» ազգային պարկի տարածքին բնորոշ է բարեխառն տաք և խոնավ կլիման: Տարեկան միջին ջերմաստիճանի տատանումը չի գերազանցում 24 աստիճանը: Պարկի ցածրալեռնային հատվածում օդի տարեկան միջին ջերմաստիճանը 9.2-10.5 աստիճան է. հունվարին` -0.6-1.3, հուլիսին` 19.9-21.1 աստիճան: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը` 37, բացարձակ նվազագույնը` -26 աստիճան: Ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է -10-13, իսկ օգոստոսին` 13-15 աստիճան: Անսառնամանիք ժամանակահատվածը տատանվում է 200-ից 210 օր: Պարկի տարածքում ձնածածկույթն առաջանում է ոչ ամեն տարի: Ձնաշերտի հաստությունը տատանվում է 5-ից 50 սմ, իսկ հյուսիսային լանջերին այն հաճախ գերազանցում է 70 սմ-ը: Տեղումների տարեկան միջին քանակությունը տատանվում է` ստորին լեռնային գոտում 537 մմ-ից մինչև 850-860 մմ բարձրալեռնային գոտում: Տեղումների առավել քանակությունը նկատվում է գարնանը (տարեկան նորմայի մոտ 35 տոկոսը), իսկ նվազագույն քանակությունը` ձմռանը (մոտ 12 տոկոս):

           Ռ Ե Լ Ի Ե Ֆ Ը

     Բացարձակ բարձրության մեծ տատանումները, լանջերի տարբեր դիրքադրությունները և խիստ կտրտված ռելիեֆը «Դիլիջան» ազգային պարկի համեմատաբար փոքր տարածքում ստեղծում է բնական պայմանների բացառիկ բազմազանություն: Լավ արտահայտված են ուղղաձիգ գոտիականության լանդշաֆտները` բացի նախալեռնային և ալպիական գոտուց: Հատկապես լավ է արտահայտված միջին լեռնային գոտին 1200-1800 մ բարձրություններում: Այստեղ տարածված են կաղնու և հաճարենու սաղարթավոր անտառները, որոնք հանդիսանում են արգելոցի բուսականության հիմնական տիպը: 1900 մ-ից բարձր` բարձրալեռնային գոտին է, որին բնորոշ են նոսրանտառները և ենթալպյան բարձրախոտերը: Պարկի տարածքը հատում են բազմաթիվ մեծ և փոքր ձորեր, որոնցից յուրաքանչյուրում ձևավորվում է յուրահատուկ միկրոկլիմա: «Դիլիջան» ազգային պարկի ռելիեֆն իրենից ներկայացնում է տարբեր ուղղություններով ձգվող լեռնաշղթաների ու դրանք միմյանցից բաժանող խորը հովիտների համակարգ: Պարկի հյուսիս-արևմտյան սահմանից սկսած դեպի արևելք ձգվում է Հալաբի լեռնաշղթան, որն իր այս հատվածում հասնում է մինչև 2778 մ բարձրության: Լեռնաշղթայի լանջերը զառիթափ են, կատարային մասը աչքի է ընկնում սանրակերպ դասավորված ժայռային ելուստներով: Այն Այրի Քար լեռնագագաթի մոտ միանում է նույն ուղղությամբ ձգվող Իջևանի լեռնաշղթային: Վերջինիս բարձրությունն այս հատվածում հասնում է 2787 մ (Այրի Քար): Իջևանի լեռնաշղթայի լանջերը նույնպես զառիթափ են: Բարձրադիր հատվածներում տարածված են աստիճանակերպ, 50-200 մ բարձրությամբ կրաքարային ժայռային կտրվածքներ: Գագաթային մասերում պահպանված են հին հարթեցման մակերևույթները: Լայն տարածում ունեն ռելիեֆի կարստային ձևերը (քարանձավներ, հորեր, կառեր, ձագարներ և այլն): Միջին բարձրություններում (1500-1800 մ) շատ են կարստային աղբյուրները: Ազգային պարկի հարավ-արևմտյան մասը զբաղեցնում է Փամբակի լեռնաշղթայի արևելյան հատվածը, որը Սևանի լեռնանցքում հանգուցվում է Արեգունու և Դիլիջանի լեռնաշղթաներին: Այս հատվածում այն հասնում է մինչև 2732 մ բարձրության: Փամբակի լեռնաշղթայի լանջերը համեմատաբար մեղմաթեք են, քիչ են մասնատված, իսկ գագաթները գմբեթաձև են: Դիլիջանի լեռնաշղթան զբաղեցնում է Աղստև գետի Շամլուղ և Գետիկ վտակների միջակայքը: Այն Մեծ Մայմեխ գագաթում հասնում է 2642 մ բարձրության: Լեռնաշղթայի լանջերը համեմատաբար մեղմաթեք են: Լանջերում զարգացած են ակտիվ սողանքային պրոցեսները: Սկսած Սևանի լեռնանցքից, դեպի հարավ-արևելք ձգվում է Արեգունու լեռնաշղթան, որը Մարալիջա գագաթում ունի 2599 մ բարձրություն: Լեռնաշղթան ազգային պարկի տարածքում հանդես է գալիս ռելիեֆի մեղմ ձևերով: Արևելյան հատվածում` Գետիկի աջափնյա հատվածը զբաղեցնում են Միափորի լեռնաշղթայի համակարգի ճյուղավորությունները, որոնց լանջերը, ունենալով արևմտյան դիրքադրություն, բավականաչափ մասնատված են և տեղ-տեղ աչքի են ընկնում մայրական ապարների մերկացումներով: Լեռնագրական խոշոր միավորներից են Աղստևի ու դրա վտակների կողմից ստեղծված էրոզիոն խորը հովիտները: Դրանք նեղ, հիմնականում V-աձև հովիտներ են, որոնք տեղ-տեղ ընդարձակվում են և ստեղծում փոքրիկ միջլեռնային գոգավորություններ: Հովիտների ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն տեկտոնական շարժումները: Գետահովիտներում պահպանված են կառուցվածքային և կուտակումային դարավանդները: Ազգային պարկի տարածքում բավական ակտիվ են լանջային պրոցեսները: Շատ են ակտիվ սողանքները: Խոշոր սողանքներից են` Դիլիջանի, Հաղարծնի, Պարզ լճի, Ֆիոլետովոյի և այլն: Լանջային պրոցեսներից լայն տարածում ունեն դեֆլյուկցիոն (անտառածածկ տարածքներում), քարաթափվածքային և այլ երևույթները:

         Ջ Ր Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը 

    «Դիլիջան» ազգային պարկի տարածքը հարուստ է մակերեսային ջրերով: Գրեթե բոլոր մեծ կամ փոքր ձորերով հոսում են գետեր և գետակներ: Բազմաթիվ աղբյուրներ սնում են այդ հոսքերին, որոնք լցվում են պարկի հիմնական ջրային արտերիան` Աղստև գետը, որը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից` 3000 մ բարձրությունից: Վերին հոսանքում հոսում է Մարգահովտի գոգավորությունով, այնուհետև նեղ կիրճով, ապա ընդարձակվում Դիլիջան և Իջևան քաղաքների մոտ: Գետի երկարությունը 121 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 2500 կմ2: Գետի տարեկան հոսքը կազմում է 256 մլն խորանարդ  մետր: Աղստևի հիմնական վտակներն են` Հովվաջուրը, Շտողանաջուրը, Հաղարծինը, Բլդանը և Գետիկը: Նշված բոլոր գետերն ու գետակները տիպիկ լեռնային են, անձրևներից և ձնհալքից վարարում են գարնան վերջին և ամռան առաջին կեսին: Վարարման ընդհանուր տևողությունը 10-15 օր է և, կախված վարարման ինտենսիվությունից, հնարավոր են սողանքների ակտիվացում և ափամերձ փլուզումներ: Պարկի տարածքը հարուստ է նաև հանքային աղբյուրներով, որոնցից, իր արդյունաբերական նշանակությամբ, աչքի է ընկնում Բլդանի աղբյուրը, որը հայտնի է «Դիլիջան» անվանմամբ: Այն հիդրոկարբոնատ-նատրիումային կազմի հանքային ջուր է, որում կան նաև սուլֆատներ և մագնեզիում, ինչպես նաև երկաթի, ստրոնցիումի, լիթիումի, ցինկի, բրոմի և պղնձի միկրոտարրեր: Օգտագործվում է աղեստամոքսային հիվանդությունների բուժման համար: Պարկը հայտնի է նաև իր գեղատեսիլ լճերով, որոնցից ամենախոշորը Պարզ լիճն է: Այն գտնվում է Արեգունու լեռնաշղթայի հյուսիսային լանջում 1400 մ բարձրության վրա` Դիլիջան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք: Լիճն ունի սողանքային ծագում: Մակերեսը շուրջ 2 հա է, երկարությունը` 250 մ, լայնությունը` 70 մ, միջին խորությունը` 3 մ, ջրի ծավալը` 83.8. հազար մ3, ջրահավաք ավազանի մակերեսը` 1.52 կմ2: Պարկի մյուս հայտնի լիճը Գոշալիճն է (Տզրկա), որը գտնվում է Պարզ լճից դեպի արևելք` ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Ունի 56 մ երկարություն, 27 մ լայնություն, հայելու մակերեսը` 1.53 հա, ջրահավաք ավազանի մակերեսը` 1.34 կմ2: Միջին խորությունը 6 մ է: Պարկի տարածքում հայտնի են նաև Բաչնիլիճը, Բախտիարիլիճը, Ժանգոտլիճը և այլն:

     Հ Ո Ղ Ե Ր Ը

      «Դիլիջան» ազգային պարկի հողային ծածկույթը ներկայացված է հիմնականում երկու հողատիպերով` անտառային և լեռնամարգագետնային: Անտառային գոտում գերակշռում են անտառային շագանակագույն հողերը, որոնք աչքի են ընկնում հզորությամբ և հորիզոնների լավ դիֆերենցվածությամբ: Կարբոնատներով հարուստ մայր ապարների վրա զարգացած են կարբոնատահումուսային հողերը, որոնք տափաստանացված շագանակագույն հողերի հետ միասին մոզաիկ ձևով հանդիպում են ողջ անտառային գոտում: Ենթալպյան գոտում զարգացած են լեռնամարգագետնային սևահողերը: Այնտեղ, որտեղ տարածքը էրոզացված չէ այդ հողերը աչքի են ընկնում հզոր հումուսային շերտով` մինչև 40 սմ: Հովիտների համեմատաբար ընդարձակ տեղամասերում տարածվում են ալլյուվիալ բերրի հողերը, որոնք հիմնականում վերածված են մշակովի հողերի: