«Դիլիջան» ազգային պարկը, որպես պետական արգելոց, հիմնադրվել է 1958 թվականին: Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո Դիլիջան քաղաքի մերձակայքում կազմավորվում են Դիլիջանի և Կույբիշևի անտառպետությունները:  1931 թվականին դրանք հանձնվում են հանրապետության Առողջապահության ժողկոմի կուրորտային վարչությանը: Այդ անտառպետությունների բազայի հիման վրա 1937 թվականին կազմավորվում է անտառարդյունաբերական տնտեսություն, որն էլ 1958 թվականի սեպտեմբերին Հայկական ՍՍՀ Մինիստրների Խորհրդի թիվ 341 որոշմամբ վերակազմավորվում է պետական արգելոցի: «Դիլիջան» պետական արգելոցի հիմնադրման նպատակն էր պահպանել կաղնու և հաճարենու խոնավասեր (մեզոֆիլ) անտառները, երրորդական դարաշրջանի այնպիսի ռելիկտային տեսակները, ինչպիսիք են հատապտղային կենին և կովկասյան մրտավարդը:                                                                                                                                                                                                                                                                                                              Արգելոցն իր հիմնադրման օրվանից ընդգրկված էր անտառտնտեսվարումն իրականացնող գերատեսչության (Հայաստանի անտառային պետական Կոմիտե, հետագայում «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորում, իսկ 1995 թվականից «Հայանտառ» Պետական Փակ Բաժնետիրական Ընկերություն) կազմում: 1995 թվականի օգոստոսին «Դիլիջան» պետական արգելոց» բյուջետային հիմնարկը անցավ ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը:             ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 21-ի թիվ 165 որոշմամբ հաստատվում են «Դիլիջան» պետական արգելոցի և դրան հարակից տարածքներում կազմակերպվում է «Դիլիջան» ազգային պարկը: Նույն որոշմամբ «Դիլիջան» պետական արգելոց» բյուջետային հիմնարկը վերակազմավորվում է «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության:ՀՀ կառավարության 2002 թ. մայիսի 11-ի թիվ 920-Ն որոշմամբ հաստատվում են «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները:                                                                                                                                                                                                                         «Դիլիջան» ազգային պարկի  կազմակերպման հիմնական նպատակն է  ապահովել լանդշաֆտների և կենսաբազմազանության պահպանումը, համահունչ տնտեսական զարգացումը, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության պահպանությունն Աղստև և Գետիկ գետերի ավազաններում: Ազգային պարկի 33,765 հա տարածքը բաժանված է ֆունկցիոնալ գոտիների.
                                                             — Արգելոցային գոտի
                                                             — Ռեկրեացիոն գոտի
                                                             — Տնտեսական գոտի
       ԴԱՊ տարածքը բաժանված է մասնաճյուղերի.
                                                            — Դիլիջան
                                                            — Շամախյան
                                                            — Գոշ
                                                            — Հաղարծին
                                                            — Աղավնավանք
       Ազգային պարկը տարածված է Դիլիջան համայնքի և հարակից համայնքների վարչական սահմաններում (Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Խաչարձան և Աղավնավանք) և (Ֆիոլետովոն՝  արևմուտքից, Հովքը՝ հյուսիս-արևելքից, Սեմյոնովկան և Ծովագյուղը՝  հարավից):  Ազգային պարկն ունի լավ հնարավորություններ էկոտուրիզմի և բնապահպանական կրթության զարգացման, ինչպես նաև ժամանցի (ռեկրեացիայի) կազմակերպման համար: Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի բազմաթիվ պատմամշակութային հուշարձանները առանձնահատուկ գրավչություն են տալիս պարկին, իսկ Հաղարծին և Գոշավանք վանքերը տարածաշրջանի հայտնի պատմաճարտապետական հարստության բացառիկ օրինակներ են:                                                                  Ազգային պարկի սահմաններում կարող են կազմակերպվել նաև գիտակրթական այցելությունները: Մասնավորապես՝ կենին (Taxus baccata), որը մեծ գիտական նշանակություն ունեցող փշատերև ռելիկտային տեսակ է և գերիշխում է Աղավնավանքի կենու պուրակում: Այս տեսակի ծառերը հայտնի են ուշ-պալեոգեն/վաղ-նեոգեն դարաշրջաններից: Այս պուրակում կարող են կազմակերպվել կրթական այցեր, որի ընթացքում դպրոցականները, ուսանողները և  այլ այցելուներ կարող են կարծիք կազմել Հայաստանի դենդրոաշխարհի բազմապիսի ներկայացուցիչների վերաբերյալ:  Ազգային պարկի գործառույթներն առաջիկայում պետք է ուղղորդվեն պարկի եզակի անտառների, լանդշաֆտների և կենսաբազմազանության, ինչպես նաև բնական և մշակութային հուշարձանների պահպանության արդյունավետության բարձրացմանը՝ ի շահ բնության և բնակչության: