«Դիլիջան» ազգային պարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում: Հայաստանի Հանրապետության տարածքը ներառում է լանդշաֆտային յոթ հիմնական գոտիներ՝ անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային, ենթաալպյան և ալպյան, որոնք ներառում են բարձր լեռնային գագաթներ, բերրի հովիտներ, անտառներ և գեղատեսիլ գոյացություններ:
       Հանրապետությունում հոսում են ավելի քան 200 գետ և գետակ՝ ձևավորելով ջրվեժներ և սահանքներ, իսկ 200-ից ավելի հանքային աղբյուրներն ունեն տարբեր ջերմաստիճան և բազմապիսի բաղադրություն՝ աչքի ընկնելով իրենց բուժիչ հատկություններով:
       «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ունի 33.765 հա տարածք և հիմնականում զբաղեցնում է ՀՀ Տավուշի մարզը, փոքր հատվածներով նաև՝ Լոռու և Գեղարքունիքի մարզերը: Այն տարածվում է Փամբակի, Արեգունու, Միափորի, Իջևանի և Հալաբի հովտահայաց լեռնաշղթաների լանջերին, Աղստև և Գետիկ գետերի ավազաններում` ծովի մակարդակից 1070մ — 2900մ բարձրությունների վրա: Ունի նաև 8167 հա բուֆերային գոտի:
        Ազգային պարկը վաղուց հայտնի է իր անտառային լանդշաֆտով, բուժիչ հանքային ջրերի աղբյուրներով, ինչպես նաև բնական և պատմաճարտարապետական հուշարձաններով: Գլոբալ համատեքստում այն գտնվում է «Կովկասյան կիզակետում», որը ԲՀՀ-ի ու Կենսաբազմազանության միջազգային պահպանության (Conservation International) կազմակերպության կողմից կենսաբազմազանության առումով ճանաչվել է աշխարհի կարևորագույն վայրերից մեկը:
       Տարածաշրջանային, ազգային և տեղական տիրույթում այն ունի դեռևս չօգտագործված, սակայն զարգացման մեծ տնտեսական ներուժ, որի կիրառումը կնպաստի գյուղական համայնքների տնտեսության խթանմանը, իսկ ազգային պարկի բրենդավորումը այն կարող է դարձնել որպես նշանակալի զբոսաշրջային վայր:

Изображение горячей кнопки